Նռնաձորի հայտնի և անհայտ հարստությունը
Նռնաձորը Հայաստանի ամենահարավային գյուղն է`
Մեղրի խոշորացված համայնքում: Նախկինում կոչվել է
Նյուվադի, բնակեցված է եղել ադրբեջանցիներով:
Ադրբեջանցիները Նյուվադին լքել են մեկ օրում՝ բոլորը միասին,
1991 թվականի օգոստոսի 8-ին, երբ հայ-ադրբեջանական
հարաբերություններն առավել սրված էին: Բախում
տեղի չի ունեցել: Տեղական իշխանությունը ապահովել
է ադրբեջանցիների խաղաղ տեղափոխումը: Իսկ Շահումյանից
ու Գետաշենից տեղահանված հայ փախստականներն էլ եկել ու
բնակվել են Նյուվադիում:
2006թ-ին Նյուվադին վերանվանվել է Նռնաձոր:
Գյուղն այժմ ունի 44 ընտանիք՝ 133 բնակիչ:
Tilda Publishing
Հետագայում, բնակիչներից շատերը հեռացել են Նռնաձորից: Բայց կան ընտանիքներ, որոնք եկել են տարբեր քաղաքներից, բնակություն են հաստատել Նռնաձորում և չեն հեռացել: Նրանց այստեղ պահում է տեղի հրաշք նուռը:
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի Մեղրու տեղամասը գտնվում է Նռնաձորում: Այստեղ տարիներ առաջ տեղափոխվել է Նուշիկ տատի դատապարտված տղան: Պատիժը կրելուց հետո տղան որոշել է մնալ Նռնաձորում և զբաղվել այգեգործությամբ: Ընտանիքը թողել է Վանաձորն ու միացել նրան։ 1997թ- ին Արտակը սկսել է մշակել 1000 մետր նռան այգի։ Այժմ արդեն 2 հա այգուց մոտ 10 տոննա բերք է ստանում։ Նախաձեռնել է ևս 2 հա այգի հիմնել:
Լաուրա Խաչատրյանը ամուսնու և երեխաների հետ Նռնաձոր տեղափոխվել է Երևանից՝ 1993թ-ին։ Գյուղի բուժքույրն է։ Պատահել է, որ նույնիսկ ծնունդ է ընդունել` մինչև շտապ օգնության մեքենան գյուղ կհասներ: Տղան՝ Նարեկը, շարունակում է ապրել Նռնաձորում և մշակել հոր հիմնած այգիները: Նարեկը Արաքսի ափին թզի այգիներ էլ է հիմնել: Փորձում է ձմերուկ, պոմիդոր, վարունգ աճեցնել:
Նռնաձորի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանի ընտանիքի անդամները 1994-ից հերթով տեղափոխվել են Նռնաձոր: Սկզբում՝ եղբայրը, հետո՝ հայրը, որ գյուղապետ է նշանակվել, ապա՝ մայրը, որ թողել է մանկավարժի աշխատանքը Մեղրիում և սկսել աշխատել Նռնաձորի դպրոցում:
Ալեքսան Բոյաջյանի խոսքով, գյուղի հողերից մշակվում է 85 հեկտարը, որից 55-ը նռան այգիներ են: Յուրաքանչյուր հեկտարից 8-10 տոննա բերք են ստանում: Ամբողջ տարին մոտ 500 տոննա նուռ են ունենում: Սա համարվում է ցածր բերքատվություն: Կարող են ավելին ունենալ, եթե ոռոգման ջուր ունենան: Գյուղացիները հազիվ 15 օրը մեկ են կարողանում ջրել այգիները: Բոյաջյանն ասում է, որ սուբվենցիոն ծրագրով շուտով կսկսվի ոռոգման համար նախատեսված 200 տ.տարողությամբ ջրավազանի կառուցումը, որը կլուծի գյուղի այգիների ոռոգման խնդիրը:
Մեղրիից Նռնաձոր 30կմ է: Գրեթե մեկ ժամ է պահանջվում ճանապարհը հաղթահարելու համար, սակայն ոչ բոլոր մեքենաներին է դա հաջողվում:
Ճանապարhը երթևեկելի է դարձել մոտ 8 տարի առաջ Երևան- Բաքու երկաթգծի ապամոնտաժումից հետո, երբ այն հարթեցվել է և խճալցվել:


2016թ-ից «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն Նռնաձորի տարածքում սկսեց պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ։ Երեք տարով թույլտվություն ստացավ։ Ժամանակը լրանալուց հետո, 2019-ին «Նարիպրոֆը» նախագիծը երկարաձգելու հայտ ներկայացրեց, որը բավարարվեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Այժմ ուսումնասիրությունները պետք է շարունակվեն մինչև 2021թ-ը։ Համայնքի բնակիչները դեմ են իրենց գյուղի տարածքում հանք բացելու ծրագրին։ «Նարիպրոֆի» ներկայացուցիչն ասում է, որ իրենք ընդամենը ուսումնասիրություն են անում։ Ըստ նրա՝ հանք բացելու մասին խոսք չկա, ուսումնասիրությունը ոչ մի կերպ չի վնասի շրջակա միջավայրին։
Նռնաձորցիներն ասում են, որ դեմ չեն ուսումնասիրություններին, սակայն ոչ մի դեպքում թույլ չեն տա հանքի շահագործում իրենց համայնքում։



«Մենք որևէ հողային աշխատանք չենք կատարելու, որևէ գործունեություն մենք չենք կատարելու, թող փող դնողը մտածի»,- ասում է Նարիպրոֆի ներկայացուցիչը:
Նռնաձորցիներն ասում են, որ հանքի փոխարեն, ավելի լավ է ներդրումներ անել նորմալ ոռոգման ցանց ունենալու և գյուղի ճանապարհների նորոգման համար, ինչը հնարավորություն կտա ընդլայնել այգիները և կազմակերպել բերքի արտահանումը։ Դա տնտեսական լուրջ ծրագիր կլինի գյուղի համար: Իսկ առայժմ, Նռնաձորի հայտնի նուռը տանելու համար վերավաճառողներն իրենք են իրենց մեքենաներով հասնում գյուղ, երբ վերջանում է մյուս համայնքների բերքը:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանն ասում է, որ երկրաբանական ուսումնասիրության տարածքը համընկնում է «Արևիկ» ազգային պարկի տարածքի հետ։ Իսկ նման վայրում, օրենքի համաձայն, նույնիսկ հողային աշխատանքներն են արգելված։

«Նռնաձորը բոլոր նախադրյալներն ունի էկոգյուղ դառնալու, հարկավոր է այս ուղղությամբ աշխատել»- ասում է Կ. Մանվելյանը,- եթե նման բանի գնան, մենք կկանգնեցնենք մեր ծրագրերը և կդիմենք մեր գործընկերներին, որ իրենք էլ կանգնեցնեն։ KFW ծրագրով մարդիկ միլիոններ են ծախսում։ Անհնար է, որ մի կողմից բնության պահպանության համար միլիոնների ներդրում արվի, մյուս կողմից քանդելու ներդրումներ արվեն»։

Կարեն Մանվելյան, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն
Շրջակա միջավայրի նախարարությունը 2019-2021թթ համար ներկայացված ՇՄԱԳ եզրակացության մեջ նշել է, որ երկրաբանական ուսումնասիրության համար առանձնացված տարածքները ազգային պարկի տարածքի հետ համընկնելու դեպքում, պետք է բացառել այդ աշխատանքները։

Հետաքրքիրն այն է, որ առաջին հայտում «Նարիպրոֆը» նշել էր, որ 101,9հա ուսումնասիրության տարածքը համընկնում է «Արևիկ» ազգային պարկի տարածքի հետ, իսկ երկրորդ հայտում ներկայացված 51.3 հա տարածքի համընկնման մասին ոչ մի խոսք այլևս չկա, թեև հստակ երևում է, որ երկրորդ հայտով մոտ կիսով չափ փոքրացված ուսումնասիրության տարածքը գրեթե ամողջությամբ համընկնում է ազգային պարկի հետ։


Քարտեզը տրամադրվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան
մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)
Ի դեպ, ուսումնասիրվող տարածքը ՀՀ Կարմիր գրքում գրանցված և կրիտիկական կարգավիճակ ունեցող Կովկասյան ընձառյուծի ապրելատեղին է։ 2008թ-ին ֆոտոթակարդները առաջին անգամ հենց նշված երկրաբանական ուսումնասիրության տարածքում են հայտնաբերել ընձառյուծին։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website