Վտանգված է հովազի բնակատեղին
Կովկասյան ընձառյուծը Կարմիր գրքում կրիտիկական կարգավիճակ ունի: Կենդանու պահպանության համար մեծ միջոցներ են ծախսվել, սակայն, կենդանաբանները պնդում են, որ մեր տարածաշրջանում հովազն իրեն պաշտպանված չի զգում:
Խորհրդային տարիներին հովազի անկանոն որսը և կենդանու կերի նվազումը պոպուլյացիայի անհետացման վտանգ ստեղծեցին: Կենդանատեսակը փրկելու համար, իշխանություններն արգելեցին հովազի որսը և 1989թ-ին այն ներառեցին ՀՍՍՀ Կարմիր գրքում: 1992թ-ին «Խոսրովի անտառ» արգելոցում մնացել էր հովազի ընդամենը 4 առանձնյակ: Գիտնականներն ասում են, որ ընձառյուծն ապրելու համար մեծ տարածքներ պետք է ունենա՝ 18-25 հազար հա: Այդ հաշվարկով, մեր երկրի տարածքը 20-25 հովազի կբավականացնի: Ընձառյուծի մշտական բնակատեղի համարվում են Արարատի և Սյունիքի մարզերը: Վերջին տարիներին հովազին տեսել են Սյունիքի մարզի Արևիկ ազգային պարկում, Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղից դեպի հյուսիս գտնվող տեղամասում: Կենդանին այստեղ գալիս է Իրանից:
Կովկասյան կամ առաջավորասիական ընձառյուծի ամենամեծ պոպուլյացիան հարևան Իրանում է: Իրանցի կենդանաբանները մոտ 1000 առանձնյակ են հաշվել: Պատճառն այն է, որ կառավարությունը պահպանության մեծ գոտիներ է ստեղծել: Ընձառյուծը Հայաստանից հեռացել էր որսի սակավության պատճառով: Վերջին տարիներին, հովազի պահպանության ծրագրերի շրջանակում, Հայաստանում կրկնապատկվել է կենդանու կերի՝ բեզոարյան այծերի քանակը և նա վերադարձել է: Տասնյակ տարիների ընդմիջումից հետո, 2008թ-ին Մեղրիի Նռնաձոր գյուղի անտառներում ֆոտոթակարդներն առաջին անգամ արձանագրեցին Կովկասյան ընձառյուծին: Նռնաձորի վարչական ղեկավար Մկրտիչ Բոյաջյանը պատմում է, թե ինչպես իմացան ընձառյուծի մասին:
Բնապահպաններն ասում են, որ ճիշտ է, Հայաստանում ինը ընձառյուծ կա, բայց կենդանիները մեր տարածաշրջանում իրենց ապահով չեն զգում:


2019թ-ը Հայաստանում հայտարարվել է ընձառյուծի տարի: Հուլիսի 10-ին, կենդանու որսի համար տուգանքի չափը փոխվել է՝ 3 000 000 դրամից հասնելով 100 000 000 դրամի: Այս փոփոխությունից ընդամենը երկու օր անց, Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Նարիպրոֆ»
ՍՊԸ-ի հայտին, որով վերջինս ընձառյուծի բնակատեղի համարվող Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ է անելու:

Բնապահպաններն ահազանգում են, որ ազգային պարկի տարածքում ծավալված երկրաբանական ուսումնասիրության կամ հանքարդյունահանման ծրագրերը սպառնում են ոչ միայն կովկասյան ընձառյուծին, այլ նաև այստեղ ապրող այլ կենդանատեսակների։
Մեղրին «գանձ» է հանքարդյունահանողների համար: 664 կմ2 տարածք զբաղեցնող Մեղրիի տարածաշրջանում արդյունահանման իրավունք ունեն 8 մետաղական հանքավայր, ևս 6-ում ուսումնասիրություններ են արվում: Հանքարդյունահանման կամ ուսումնասիրության թույլտվություն ստացած գրեթե բոլոր նախագծերը ներխուժել են ազգային պարկի տարածք, որտեղ ապրում են նաև եղեգակատուն, անտառային կատուն, տափաստանային կատուն, լուսանը, թռչուններից՝ ֆազանը, մոխրագույն կաքավը, քարակաքավը, մարեհավը, ուլարը և այլն:
Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այդ նախագծերից յուրաքանչյուրի՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքների հետ համընկումների մասին, կան դատական չհանգուցալուծված գործեր…
Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհի պահպանության նպատակով կառավարության որոշմամբ, դեռ 2009թ-ին, կազմավորվել է «Արևիկ» ազգային պարկը՝ 34401.8 հեկտար ընդհանուր մակերեսով: Աստիճանաբար, պարկի տարածքները անտեսանելի և տեսանելի կրճատվել են: 2015 թվականին պարկի տարածքը դարձել է 33939.19 հեկտար: Թե հատկապես պարկի որ հատվածից է տարածք կրճատվել, անորոշ է:
Ըստ նախարարության, դա կատարվել է պարկի սահմանների ճշտգրտման շրջանակներում, սակայն բնապահպանները պնդում են, որ կրճատումը կատարվել է նոր հանքերի շահագործման համար տարածքներ ազատելու նպատակով:

Բնապահպանական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, որ կդադարեցնեն Մեղրիի տարածաշրջանում բնության պահպանության ուղղությամբ ներդրումները, եթե հանքարդյունաբերությունը շարունակվի նույն տեմպերով:
Մի կողմից ներդրումներ են արվում բնության հատուկ պահպանվող տարածքները հզորացնելու և կենդանու միգրացիայի համար էկոմիջանցքներ ստեղծելու համար, մյուս կողմից այդ ներդրումները փոշիացվում են՝ հատուկ պահպանվող տարածքներում հանքարդյունաբերական ծրագրերի ընդլայնման պատճառով, որոնք խոչընդոտում են կենդանու մուտքը Հայաստան:
Made on
Tilda