Մեղրի՝ չրաշխարհ
Մեղրին չրագործության զարգացման լուրջ ներուժ ունի: Հանքարդյունաբերությունը սպառնալիք է այդ ներուժի զարգացման համար
Ուշ աշնանը Մեղրիում ամենուր մրգային վարագույրներ են։
Չրերի բազմազանությամբ Հայաստանի ոչ մի քաղաք Մեղրիի հետ չի կարող մրցել։
Սեզոնին չրի գործն այնքան առատ է լինում, որ Հայաստանի տարբեր քաղաքներից Մեղրի են գնում՝ արտագնա աշխատանքի։
Այս կանայք եկել են Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից։ Թե՛ բերքահավաքի, թե՛ չրի պատրաստման համար եկվոր աշխատողներն անպայման կարճ «դասընթաց» են անցնում։ Գործն ունի իր նրբությունները ։
Չրագործությունը մի քանի մասնագիտացում ունի․ միրգը հավաքողներ, կճպողներ, կապողներ, կախողներ, փափկացնողներ։Կճպողներն իրենց հերթին բաժանվում են երկու մասի․ մեկը ծաղկեպսակի շուրջն է կճպում, երկրորդը՝ մնացածը։ Կճպում են 1կգ-ը՝ 25դրամով։
1կգ-ը՝ 15 դրամով են աշխատում կապողները։ Այս գործն անում են կանայք.շարանները պատրաստ են կախելու և չորանալու...
Մեղրիում միրգն ու չիրը դրամական միավոր են։ Այստեղ գրեթե ամեն օր կենցաղային մեծ ու փոքր ապրանքները փոխանակվում են չրով։
Չրագործությամբ Մեղրում հավասարաչափ զբաղվում են և' կանայք, և' տղամարդիկ
Չրագործությունը բիզնես չէ, բայց շատ խնդիրներ լուծում է
Մեղրեցի Լյովա Ահարոնյանը չրագործությամբ սկսել է զբաղվել 1990-ականների սկզբից, երբ Խորհրդային միության փլուզումից հետո լուծարվել են կոլտնտեսությունները և սեփականաշնորհվել հողերը։ Այդ ժամանակ դեռ քչերն էին չրագործությամբ զբաղվում: Ահարոնյանի ընտանիքը ստացել է 4000 քառակուսի մետր հողատարածք, որտեղ ամեն տեսակի պտղատու ծառեր կային:
«Մշտապես մրգի ավելցուկներ էինք ունենում, որոշեցինք դրանցից էլ չիր պատրաստել: Այն ժամանակ ոչ ոք բիզնեսի նպատակ չուներ, չրեղենը վաճառում էինք պարզապես ծանոթ միջավայրում՝ հարևաններին, բարեկամներին»։
Չրերը պատրաստում են ընտանիքով: Տարիների ընթացքում նրանց պատրաստած չրերի պահանջարկն ավելացել է, այժմ ավելի մեծ ծավալներով են պատրաստում տանձի, դեղձի, խնձորի, դամբուլի, թզի և արքայանարնջի չիրը։


Բայց վաճառքի ծավալի մեծացման հետ առաջանում էին խնդիրներ, օրինակ՝ ինչպե՞ս պահել չրերի շուկայական տեսքը մինչև դրանց վաճառքը, ի՞նչ անել, որպեսզի դրանք չորդնեն: Եվ ամեն անգամ հնարը գտնում էին։ Այժմ դրանք հերմետիկ փակում են ապակյա տարաներում: Այդպես և՛ չի որդնում, և՛ յուրօրինակ համ է ստանում:
Լյովա Ահարոնյանը տնային պայմաններում է չրագործությամբ զբաղվում: Բիզնեսի վերածելու մտադրություն չունի: Ասում է՝ տարիքն էլ թույլ չի տալիս։ Ստացած տարեկան եկամուտը ընտանիքի համար շատ խնդիրներ է լուծում։
Լյովան և կինը հիմնականում զբաղված են դեղձի և արքայանարնջի տնկիների պատվաստումով և վաճառքով: Այդպես օգնում են ձեռներեցների, որոնք ցանկություն ունեն զբաղվելու չրարտադրությամբ: Մեղրիում այս ոլորտի զարգացման պահանջարկը, անհրաժեշտությունն ու հնարավորությունները կան։


Պահանջարկը կա, սակայն այս բիզնեսով լրջորեն զբաղվողները քիչ են: Մինչդեռ Մեղրիում քիչ ջանք է անհրաժեշտ՝ լավ չիր ստանալու և թանկ վաճառելու համար:
Աննա Հովհաննիսյան, փորձագետ

Չրարտադրության ոլորտում ամենաակնառու խնդիրներից է մարդկանց մոտիվացիան: Այստեղ կա հանք, զորամաս, սահմանային մաքսակետ, որտեղ յուրաքանչյուր ընտանիքից գոնե մեկ–երկու մարդ աշխատում է։ Շատերը գյուղատնտեսությունը չեն դիտարկում որպես բիզնես։ Ծառ է, աճում է, բերք է տալիս, իրենք էլ չիր են պատրաստում։
Անյան Քլայն, փորձագետ

«Մեղրեցի կանայք հաճախ բավարարվում են տնայնագործությամբ, բայց հարկավոր է մտածել բիզնեսի անցնելու մասին, նաև՝ կանանց կոոպերատիվների ստեղծման միջոցով, միավորել ջանքներն ու ստանալ մի նոր` մրցունակ բրենդ։ Եվ չրերի արտադրությունը այս ընտանիքների համար կլինի ոչ միայն առօրյա խնդիրները լուծելու հնարավորություն, այլ նաև սոցիալական կայունության գրավական»:
Բիզնեսի կառավարման և շուկայագիտության փորձագետ
Անյան Քլայնը Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոնի հրավերով մեղրեցի կանանց հետ խմբային և անհատական խորհրդատվություներ է արել, որպեսզի նրանք եվրոպական շուկայում մրցունակ արտադրանք ստեղծեն:
Իշխան Ասլանյանի համար չրագործությունը լուրջ բիզնես է
Իշխան Ասլանյանը Մեղրիում չրարտադրությամբ սկսել է զբաղվել 2014 թվականի նոյեմբերից: Արտադրում է տարեկան 4-6 տոննա արքայանարնջի և մինչև 2 տոննա թզի չիր: Բացի սեփական արտադրանքից, չիր են մթերում նաև այլ արտադրողներից և արտահանում են հիմնականում ռուսական շուկա: Ներկայանում են «Մեղրինե» ապրանքանիշով։ Բրենդի անվանումը մտերիմ ընկերոջ աղջկա անունն է։
Ինչ վերաբերում է պետության աջացությանը, ապա հենց այն, որ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող փոքր բիզնեսը չի հարկվում, արդեն մեծ աջակցություն է: Մենք պետք է առայժմ բավարարվենք դրանով և փորձենք այդ հարմար դաշտում ստեղծագործել, արտադրել, արտահանել Աստծո կողմից մեզ տրված քաղցրահամ, արևահամ, մեղրահամ բերքը։ Ամերիկյան շուկայում արքայանարնջի չրերը վաճառվում են տեղականից 3 անգամ թանկ գնով։
Եվ գնորդը գոհ է։


Եղածը պահելու համար մեզ մնում է լավ աշխատել, պահպանել սանիտարական կանոնները, փաթեթավորման ճիշտ միջոցներ օգտագործել»։
«Անցյալ տարվանից սկսել ենք չիրն արտահանել նաև եվրոպական շուկա: Այս տարի առաջին անգամ փորձ արեցինք մեր Մեղրու թզի չիրն արտահանել արաբական շուկա: Ասեմ, որ բոլոր երեք շուկաներում շատ գոհ են մեր մեղրահամ մրգից և մեծ ծավալներ են ակնկալում։
Քանի դեռ մեղրեցիները չրարտադրությունը չէին համարում բիզնես և տարածաշրջանի զարգացման իրական հնարավորություն, չէին էլ բարձրաձայնում հանքարդյունաբերության վնասների մասին:
Հիմա շատերն են սկսել ընդարձակել արքայանարնջի այգիները: Այս պտուղը հատուկ խնամք չի պահանջում և հրաշալի բերք է տալիս: Ինչպես ասում են՝ փողը ծառից կախված է: Այժմ բիզնեսն ընդլայնող գործարարներին մտահոգող ամենակարևոր խնդիրը տարածաշրջանի հանքարդյունաբերությունն է:

«Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը,-ասում է Իշխան Ասլանյանը,- գյուղատնտեսությունն
հանքարդյունաբերության հետ անհամատեղելի է»:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website