Բնական գազի ոդիսականը
Այն մասին, թե ինչու՞ Մեղրի և Ագարակ քաղաքները բնական գազ չունեն, երբ իրանական գազը հենց այդ բնակավայրերով է մտնում Հայաստան։
Իրանական գազի՝ Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ հասնելու մասին լուրը 2016թ. ավետեցին հանրապետական լրատվամիջոցները: Անգամ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ներկայացվեց, թե ինչպես են Մեղրիի բնակիչներն իրենց բնակարաններում վառում կապույտ վառելիքը:
Հետագայում պարզվեց, սակայն, որ դա ընդամենը իմիտացիա է․ հեղուկ գազն իբրև բնական գազ այդ օրը տեսախցիկների առջև է վառվել։ Այդ օրվանից անցել է արդեն երեք տարի, բնական գազի առկայության մասին խոսակցություններն են միայն մնացել, իսկ գազը Մեղրի և Ագարակ քաղաքներ այդպես էլ չի հասել: Պատճառը բնակիչներին տարբեր ժամանակ տարբեր կերպ են մատուցել:
բնակիչներից մեկը հիշում է այդ օրը
Բորիկ Քարամյանը Մեղրի քաղաքից է: Նա առաջիններից էր, որ գազաֆիկացման լուրը լսելուն պես արձագանքել է, դիմել է համապատասխան մարմիններին՝ գազ անցկացնելու խնդրով:
«Խողովակի մետրը 3000 դրամ էր, մեր տան դեպքում հաշիվն ընդհանուր կազմեց 67 000 դրամ: Ես համաձայնեցի, խողովակներն անցկացրեցին: Հարցրի՝ ե՞րբ վերջապես գազը բնակարան կհասնի: Պատասխանեցին՝ շուտով:
Արդեն 3 տարի է, գազը քաշել ենք, բայց չենք օգտագործել»,-պատմում է Քարամյանը:

Տունը ստիպված օդորակիչով են տաքացնում: Թե ինչու գազն իր բնակարան չի հասնում, Բորիկ Քարամյանը չգիտի: Ասում է, որ խնդիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել՝ Մեղրի այցելության ժամանակ: Նա խոստացել է՝ մինչև տարեվերջ մեղրեցիները գազը կունենան:

Մեղրեցիները որոշել են իբրև բողոք՝ փակել Իրանից Հայաստան եկող բեռնատարների ճանապարհը, բայց համայնքի ղեկավարը հորդորել է սպասել մինչև տարեվերջ: Եթե գազը չլինի, բողոքի ակցիան կիրականացնեն:
Մեղրիում և Ագարակում գազի մատակարարման մասին խոսակցությունները սկսվել են դեռևս 2011 թվականից, երբ Իրանի և Հայաստանի կառավարությունները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») տրամադրել էր 2 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում բնակչության համար գազամատակարարման ցանց կառուցելու նպատակով:
Արդեն 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարեց, որ ավարտվել են Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բախշման ցանցի կառուցման աշխատանքները։ Քաղաքներում նույնիսկ վառվեց խորհրդանշական կրակը: Միջոցառումը համընկավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի հետ։ Բայց բնակիչներն այդպես էլ գազ չստացան:
Ծարավ՝ աղբյուրի կողքին
լուսանկարները՝ համացանցից
Երկու քաղաքներում բնական գազի մատակարարման ձգձգման պատճառների մասին Մեղրինյուզը հարցում ուղարկեց կառավարություն և Գազպրոմ Արմենիա:
Պատասխանում նշված է, որ Ագարակ քաղաքի գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն ավարտվել և շահագործման են հանձնվել 2016թ.-ի հոկտեմբերին, իսկ Մեղրի քաղաքի գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները՝ 2017թ. հուլիսին:

Մեղրի քաղաքում կառուցված գազի բաշխման ցանցի միջոցով հնարավոր է ապահովել շուրջ 1000 տնտեսությունների, իսկ Ագարակում 250 տնտեսությունների գազամատակարարումը:
Մեղրի քաղաքի և հարակից բնակավայրերի գազամատակարարման նպատակով կառուցված գազաբաշխիչ կայանը գտնվում է գործարկված վիճակում:
Գազպրոմ Արմենիան նշում է, որ գազ չլինելու պատճառն անվտանգության ապահովման նպատակով բազմաբնակարան շենքերի աստիճանավանդակներում բնական օդափոխությունն ապահովող դեֆլեկտորների բացակայությունն է: Ընկերությունը պատրաստ է գազաբաշխիչ ցանցով ապահովել շինհավաքակցման աշխատանքներն ավարտած թվով 29 գազասպառման համակարգերի գազամատակարարումը: Սակայն դա կարող է անել դեֆլեկտորների տեղակայումից հետո:
դեֆլեկտորները, այսինքն՝ օդափոխիչները, տեղադրվում են բազմաբնակարան շենքերի տանիքներում: Դրանց տեղակայումը ֆինանսական մեծ ծանրաբեռնվածություն չէ: Յուրաքանչյուր շենքի համար կարող է կազմել 80-100 հազար դրամ: Բայց գազամատակարարման գործընթացն ավարտին հասցնելը միայն դեֆլեկտորների տեղակայումից չի կախված. դեռ ոչ բոլոր բազմաբնակարան շենքերին կարող է հասնել բնական գազը: Մեզ ուղարկված պատասխանում, խոսքը վերաբերում է միայն այն շենքերին և կազմակերպություններին, որոնց գազաբաշխիչ ցանցերը կարող են ապահովել գազի մատակարարումը:

Շատ փոքր խնդիրը՝ մեծ անհարմարությունների պատճառ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան, ավելացրել էին, որ ներկայումս Մեղրի քաղաքի թվով 26 բնակիչ բաժանորդների և 3 կազմակերպության գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են և պատրաստ են թողարկման: Բնակարանների գազաֆիկացման շին.հավաքակցման աշխատանքների իրականացման համար, մինչեւ հաջորդ տարվա ապրիլ ամիսը, Սյունիքի մասնաճյուղ կներկայացվիամսական մոտ 200 գազաֆիկացման դիմում։ Նախարարության պատասխանում նաև նշված է, որ Մեղրի համայնքի ղեկավարը եւ ավագանին հայտնել են իրենց պատրաստակամությունը համայնքի բազմաբնակարան շենքերում դեֆլեկտորների տեղակայման հարցով բնակիչների շրջանում բացատրական աշխատանքներ տանել՝ գազաֆիկացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հաստատեց, որ համայնքապետարանը ստանձնել է բնակիչների շրջանում բացատրական աշխատանքներ կատարելու գործը: Բայց նաև նշեց, որ համայնքապետարանը պարտավորված չէ բյուջեից հատկացումներ անել՝ դեֆլեկտորների ձեռքբերման և տեղադրման համար:
«Բնակիչները պետք է այդ հարցը լուծեն: Եթե ուզում են վերջնական գազի սպառող դառնալ, շենքերը պետք է դեֆլեկտորներով ապահովեն, համայնքապետարանն այդտեղ գործառույթ չունի, թեև չի բացառվում, որ եթե բազմաբնակարան շենքի 40 ընտանիք դիմի համայնքապետարան, աջակցենք: Մենք կարող ենք հարցը դնել ավագանու քննարկմանը, բացառության կարգով մի քանի տեղ իրականացնել աջակցությունը, բայց համայնքապետարանը չի պատրաստվում ամբողջությամբ մտնել այդ բեռի տակ»:
«Դեֆլեկտորների ձեռքբերումը շատ փոքր խնդիր է գազ ստանալու հարցում: Եթե մի բազմաբնակարան շենքում 12 ընտանիք է ապրում 10-ը բաժանորդ է դառնում, նրանք կարող են իրար հետ այդ հարցը լուծել»,- ասում է Զաքարայանը:
Հիմա, ըստ համայնքապետի, պետք է լուծվի գազի՝ Վահրավարի բաշխիչ կայանից Մեղրի հասցելու հարցը, որ արդեն բոլորը գազն ունենան: Նա հույս հայտնեց, որ Մեղրիի ամբողջական գազաֆիկացման հարցը վերջնականապես կլուծվի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
«Փոխմարզպետն ասել է, որ շինարարությունը 100 օրից կլինի: Մեծ աշխատանք չկա, ավելի շատ ֆինանսական հարց է, քան շինարարական: Եթե հարյուր օրից շինարարությունը սկսվի, ապա ամենաուշը հունիսին գազի բաշխման մասնաճյուղը կգործի»,- ասում է Մխիթար Զաքարյանը:
Մեղրինյուզ-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանը նշեց, որ խոսել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ, որոնք ասել են, որ Մեղրիի գազաֆիկացումն անպայման կլինի, իսկ ֆինանսավորումն, ամենայն հավանականությամբ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնտեսումների հաշվին կլինի: Նախարարությունն այդ գումարը կփոխանցի տարածքային զարգացման հիմնադրամին, իսկ վերջինս արդեն կիրականացնի գազաֆիկացումը։
Մեղրիում և Ագարակում բնական գազի մատակարարման գործընթացն ավարտին հասցելու հարցը Աժ-ում բարձրացրեց նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա իր ղեկավարած հանձնաժողովի նիստում այս տարվա հոկտեմբերին հայտարարեց, որ Մեղրի համայնքը մինչև տարեվերջ գազ կունեն։
Մեր նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց.

Կառավարությունը խոստացել էր, որ Մեղրին տարեվերջին գազ կունենա: Այսօր տարեվերջն է, Մեղրին գազ չունի: Գրեթե 10 տարի ձգձգվող Մեղրիի գազաֆիկացման աշխատանքները կշարունակվեն, թեև մեղրեցիներն հիմա էլ վստահ չեն, որ ի վերջո բնակարաններում կապույտ վառելիք կունենան:
Բաղձալի ֆեյսբուքյան գրառումը
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website