Մեծ հնարավորությունների հարավը
Հասմիկ Մովսիսյանը Ալվանքից է: Նա իր ընտանիքով զբաղվում է նռան գինու և հյութի արտադրությամբ, գրավում յուրաքանչյուր Ալվանք այցելողի: Բիզնես սկսելու միտքը ծագել է Ալվանք տեղափոխվելուց հետո. սկզբից մտածել են միայն նռան հյութ արտադրելու մասին, հետո մտափոխվել, նաև գինի են պատրաստել. տարբեր նռնատեսակների խառնուրդից գինի են ստանում: Ուրիշներին էլ խորհուրդ են տալիս հյութ և գինի ստանալ:
Ամեն ինչ սկսեց հյուրասիրությունից


Հասմիկի նռան գինին
«Մտադիր չէինք վաճառել մեր պատրաստած գինին: Հենց այնպես, մեզ համար պատրաստում էինք, հյուրասիրում: Բայց հետո պարզվեց, որ մարդիկ ցանկանում են գնել մեր գինիները:

Տատիկս պապիկիս վիրահատությունից հետո անընդհատ նռան հյութ էր տալիս, նուռը վերականգնող հատկություն ունի: Որևէ բացասական ազդեցություն չի ունենում: Մենք նռան ծառը խնամելիս քիմիական նյութ չենք օգտագործում: Մեր բակում տակառների մեջ թռչնաղբ կա, դրանով էլ սնուցում ենք մեր նռնենիները»:
Արտադրանքի համբավը ժամանակի ընթացքում տարածել են Ալվանք եկողները և նրանց գինին համտեսողները: Հասմիկը վստահ է, որ Ալվանքում հիմնած իրենց բիզնեսը կարող է իր նպաստը բերել Մեղրիում գյուղական զբոսաշրջության զարգացանը: Նախատեսում են գինետուն կառուցել, այստեղ այցելողներին կացարաններ տրամադրել: Գինետան անունն արդեն որոշել են՝ «Մառան Նռանե»:

-Սեպտեմբերին համայնքի ղեկավարն էր եկել այստեղ: Զգացի, որ տեղյակ է մեր նախաձեռնությունից: Հարցրեց՝ քսան հոգով կտեղարվորվե՞նք ձեր գինետանը: Ասացի՝ երևի: Եթե այստեղ բովանդակություն լինի, գինետան նման լինի, շատերին կհետաքրքրի: Ես պատրաստ եմ զբոսաշրջիկին ընդունել,-ասում է Հասմիկը:
«Հիմա իրացման խնդիր ունենք: Արտադրության ծավալները մեծացել են, գինին պահելու պայմաններ են անհրաժեշտ, սառնարանների կարիք ունենք: Ուզում ենք բիզնես աջակցության ծրագրերի մասնակցել, որ գոնե սառնարան կարողանանք ձեռք բերել, ամբողջ տարին գինին ունենալ»:
Մառան՝ Նռանե
«Ինձ հաճախ հարցնում են՝ ինչպիսին է՞ ձեր Մեղրին։ Գուցե մեղրեցին զբոսաշրջիկ ընդունելու համար պատրաստ չէ, բայց կան մարդիկ, ովքեր կցանկանան ընդգրկվել ծրագրերի մեջ, հետաքրքրել զբոսաշրջիկին, որին արդեն Հայաստանի հարավն էլ է դուր գալիս: Մեղրին հաստատ կտարբերվի Հայաստանի մյուս շրջաններից: Թող գան բնական մրգի ու չրի ետևից, համեմատեն իրենց կերածն ու Մեղրիի ունեցածը»,- ասում է Հասմիկ Մովսիսյանը:

Հասմիկը վստահ է, որ զբոսաշրջիկն անպայման կհասնի Մեղրի՝ անկախ հեռավորությունից, եթե, իհարկե, կարողանան նրան հետաքրքրել:
Իսկ որտե՞ղ է կանգ առնելու զբոսաշրջիկը, ի՞նչ պայմաններում է ապրելու: Սրանք հարցեր են, որոնք այս պահին լուծված չեն: Հյուրանոցները չափազանց քիչ են, ձմռանը չեն գործում, իսկ մեղրեցիների առանձնատներին կից հյուրատները բոլորին չէ, որ հարմարավետ են թվում:
Ամեն մեղրեցու այգի շուկա է՝ բաց երկնքի տակ
Մեղրիի տարածաշրջանում հյուրատների, հյուրանոցների, սրճարանների բացակայությունը կամ սակավությունը կապված է պահանջարկ չլինելու հետ, կարծում է YesArmenia զբոսաշրջային ընկերության հիմնադիր-ղեկավար, մեղրեցի Գագիկ Սարգսյանը: Նրա խոսքով, Մեղրիում զբոսաշրջության զարգացման լավ հնարավորություններ կան, բայց մինչ այժմ այն առավել ճանաչելի ուղղություն չի դարձել, որովհետև մայրաքաղաքից 7-8 ժամ հեռավորության վրա է: Հասնելու, ծանոթանալու և վերադառնալու համար երկու հանգստյան օրը բավական չէ, իսկ օրինակ, ներգնա տուրիզմի համար միշտ այդ երկու օրն է օգտագործվում: Այս խնդիրը լուծելուն կօգնի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը: Վերջին տարիներին անընդհատ խոսում են, որ Քաջարանից Մեղրի թունել կկառուցվի…
«Եթե կառավարությունն աշխատանք տանի ճանապարհները նորոգելու ուղղությամբ (այս տարի, իհարկե, ահագին բան արվել է- Գ. Ս.), Մեղրին ավելի մոտ կդառնա Երևանին, մարդիկ էլ աստիճանաբար հյուրանոցներ կկառուցեն»,- ասում է նա:
Զբոսավար Գագիկ Սարգսյանը հաճախ է այցեր կազմակերպում դեպի Մեղրի: Նրա կարծիքով, գյուղական տուրիզմի զարգացման շատ մեծ պոտենցիալ ունի Շվանիձորը: Այն ամենահին գյուղերից է, որով ժամանակին խմելու ջուր է փոխադրվել: Այստեղ դասավանդել է Րաֆֆին: Նռնաձորում նույնպես լավ հնարավորություններ կան: Անկրկնելի բնություն ունի Լիճք գյուղն՝ իր ջրվեժներով: «Հայաստանում այդպիսի հրաշք կա և քչերը գիտեն»,- ասում է նա,- մեղրեցիներն էլ պետք է ինքնակրթվեն, սովորեն օգտագործել իրենց բնակավայրերի զբոսաշրջային հնարավորությունները:
ԼԻճքի ջրվեժները
«Իսկ գյուղական զբոսաշրջությունը գյուղի ու գյուղացու կենցաղով ապրելն է, աշխատանքին մասնակցելը: Մեղրիի գյուղական համայնքներն ունեն այնպիսի կոլորիտ, որը կգրավի զբոսաշրջիկներին: Պարզապես հնարավորությունները պետք է ճիշտ ներկայացնել, որ դրանք դառնան զբոսաշրջային շուկայի մաս: Մյուս կողմից էլ՝ օգնել գյուղացիներին, գուցե նաև նյութապես, ճիշտ կազմակերպել իրենց բիզնեսը: Բոլոր հետաքրքիր գյուղեր տանող ճանապարհները շատ վատ վիճակում են: Թեև զբոսաշրջության զարգացման պետական ծրագրեր կան, բայց դրանք իրականացնելու համար կամ ռեսուրս, կամ էլ մասնագետ չկա,-ասում է Արթուր Ոսկանյանը:
Հայաստանում առանց պետական ուղղորդման ոչինչ չի կատարվում
Տնտեսական և զբոսաշրջության զարգացման մասնագետ Արթուր Ոսկանյանի խոսքով՝ Մեղրիի հարստությունը վայրի բնությունն է, որը հնարավորություն է տալիս այդ վայրերում զարգացնել արշավային, արկածային ինչպես նաև` գյուղական զբոսաշրջությունը:

Մեղրիի տարածաշրջանի բնությունը շռայլ է և հավանաբար շատերը կուզեն, օգտագործելով այդ բարիքները, բարելավել իրենց կյանքն ու համայնքի հնարավորությունները: Մարդիկ հասկանում են, որ ներուժ ունեն: Բայց, քանի դեռ տարածաշրջանի զարգացման ընդհանուր ռազմավարություն չկա, քչերը կհամարձակվեն Հասմիկի նման սովորական թվացող գործը եկամտաբեր բիզնեսի վերածել: Եվ առայժմ շատ բան կմնա ընդամենը սիրողական մակարդակի վրա:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website