Նմուշներ
առանց թանգարանի

Մեղրին Հայաստանի այն եզակի քաղաքներից է, որի պատմական միջուկը դեռ կա: Բայց եղածը պահելու համար, համայնքին երկրագիտական թանգարան է պետք: Այս կարծիքին է Սյունիքի պատմական միջավայրի պահպանության մ/ծ պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը: Արդեն 30 տարի, նա զբաղվում է իր բնակավայրի հնությունների ձեռքբերմամբ և պահպանմամբ: Համայնքապետարանը նրան մի սենյակ է տրամադրել, որտեղ էլ աշխատում է: Այստեղ է պահում նաև իր ստեղծած հավաքածուները:
«Սա մասնագիտություն չէ, պարզապես նախասիրություն և մտահոգություն է: Եթե գիտակցում ես, թե քո բնակավայրն ինչպիսի պատմամշակութային նկարագիր ունի, փորձում ես այդ նկարագիրը հավաստող իրերի հավաքածու ստեղծել»: Իսկ Մեղրին ունի այդ նկարագիրը: Եթե թանգարան էլ ունենա, այն այցեքարտ կդառնա»,- ասում է Նաիրան:
Այցելուները Նաիրայի աշխատասենյակը թանգարան են անվանում: Այստեղ բազմաթիվ ազգագրական, երկրագործական, քաղաքաշինական պեղածոներ կան:
Երկրագիտական թանգարանը Մեղրիում կարող է նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը:
«Երբ զբոսաշրջիկը գալիս է Մեղրի, անընդհատ հետաքրքրվում է՝ կա՞ թանգարան: Այս սենյակ էլ են շատ գալիս, բայց այն չունի զբոսաշրջիկին բավարարելու անհրաժեշտ պայմաններ: Այս սենյակում չկան նաև իրերը պահպանելու միջոցներ: Այստեղ հիմա ցուրտ է ու խոնավ: Հավաքածուները պահպանելու համար պայմաններ են պետք»,-ասում է Նաիրան:
Նաիրան վստահ է՝ տեղի ընդարձակման դեպքում ավելի շատ իրեր կարող են հավաքագրել, ավելի ամբողջական ներկայանալ: «Մշակույթը ժողովրդի ուղին է, որն անցյալը կապում է ներկայի հետ»,-ասում է Նաիրան: Բացի նրանից, որ թանգարանը կդառնա Մեղրիի ժառանգությունը սերունդներին փոխանցելու միջոց, նաև կրթական միջավայր կդառնա մեղրեցի դպրոցականների համար:
Մասնագիտությամբ տեխնիկ-շինարար, գեղանկարիչ, արդեն 25 տարի ոստիկանության սպա Պապ Օհանյանը դեռևս շատ երիտասարդ տարիներից հավաքում է իր բնակավայր Մեղրիի մասին պատմող իրեր: Հիմա նա իր արվեստանոցում մի մեծ հավաքածու ունի, որը ներառում է կենցաղային, մշակութային, բանվորական, գյուղատնտեսական, տարբեր ժամանակներում դարբինների կողմից պատրաստած գործիքներ: Այստեղ հաճախ են զբոսաշրջիկներ այցելում, ծանոթանում դրանց պատմությանը:
«Հին իրերը մեր պատմությունն են,- ասում է Պապը: Նրա ունեցած հավաքածուները տարբեր թվագրություններ ունեն: Անգամ 16, 17, 18-րդ դարերի խեցեղենի կտորներ ունի: Հիմա նրա հավաքածուն շատ հաճախ համալրվում է մարդկանց նվիրած հին իրերով, որոնք չգիտի ինչ անել, որտե՞ղ դնել:

Պապ Օհանյանը զարմանում է, որ մինչև այժմ Մեղրիում երկրագիտական թանգարան չկա: Ասում է՝ վերջերս Մեղրիի Անապաստանաց եկեղեցում արված պեղումների արդյունքում հնագիտական մեծ շերտ է բացվել, սակայն տեղ չլինելու պատճառով, մարդիկ չգիտեն գտածոների հետ ինչպես վարվել: Երաշխիք չկա, որ դրանք չեն ոչնչանա:
Պապ Օհանյանը պատրաստ է իր հավաքածուն նվիրաբերել թանգարանին, եթե այն մի օր բացվի:
Նաիրա Հայրապետյանը երկրագիտական թանգարանի խնդիրը առաջ է քաշել պատկան մարմինների մոտ: Պատմում է, որ համայնքի ղեկավարները, մշակույթի նախարարության աշխատակիցները եկել են, տեսել, արժևորել եղածը, բայց թանգարան ստեղծելու համար լուրջ քայլեր չեն իրականացրել:
Նաիրան կարծում է, որ ջանքերը պետք է մեկտեղվեն:
«Հասարակությունն էլ չպետք է օտարված լինի: Թանգարանային արժեք ներկայացնող շատ իրեր նրանք վաճառում են շուկայում: Որովհետև չեն գիտակցում դրանց մշակութային արժեքը: Միշտ զարմացել եմ, որ Մեղրիում թանգարան ունենալու հարցը ոչ մեկի ուշադրության կենտրոնում չի եղել: Դա ինձ ցավ է պատճառում: Մեղրին ամենահին բնակավայրերից է, բայց չունի թանգարան, այսօր շատ հին իրեր ուղղակի ոչնչանում են: Սրտացավ մարդիկ պետք է նախաձեռնեն: Մի թատերական խումբ էր եկել Մեղրի, իմ աշխատասենյակ այցելելիս, 1000 դրամ տվեց՝ ի հանգանակություն թանգարանի ստեղծման:
Ես այդ հազար դրամը պահել եմ: Օտար այդ մարդը տվեց հազար դրամ՝ ի տես իր հետ եկած բազմաթիվ մեղրեցիների: Ես դա վերածել եմ թանգարանային նմուշի: Կարելի է այսպիսի հազար-հազար դրամներ նվիրաբերելով, ստեղծել մի մշակութային կենտրոն, որը կլինի մեր բնակավայրի անձնագիրը»:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website