Մեղրիի եկեղեցիների վերակառուցումը՝ զբոսաշրջության զարգացման նախապայման
Մեղրիում զբոսաշրջության ոլորտի զարգացման հայեցակարգում կարևոր տեղ է զբաղեցնում համայնքի եկեղեցիների վերականգման գործընթացը. այստեղ այցելողները պետք է եկեղեցիների միջոցով ծանոթանան համայնքի պատմամշակութային ժառանգությանը:
Մեղրիի համայնքապետարանի զարգացման ծրագրերի և արտաքին կապերի գծով մասնագետ Շուշան Մարգարյանն էլ փաստում է՝ համայնքի զբոսաշրջային գրավչություն ունեցող պատմամշակութային արժեքներից կարելի է առանձնացնել Սուրբ Հովհաննես (Անապաստանաց վանք) և Փոքր Թաղի Սուրբ Սարգիս (Սբ. Հովհաննես), Մեծ Թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցիները:
«Իր նրբագեղ որմնանկարներով, Փոքր Թաղի Սուրբ Սարգիս (Սբ. Հովհաննես) եկեղեցին ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային ժառանգության բացառիկ արժեքներից է: Այն 17-րդ դարի հայկական ճարտարապետության յուրօրինակ նմուշ է: Որմնանկարները բացառիկ են ողջ Կովկասում և Միջին Արևելքում: Դրանցում առկա են ուշ միջնադարյան քրիստոնեական պատկերագրության տարրեր»,- ասում նա և ավելացնում, որ եկեղեցին առանձնանանում է նաև տեղակայման դիրքով, քանի որ Փոքր Թաղն իր ավանդական ոճի տներով և բարձ դիրքով Մեղրի քաղաքի գեղատեսիլ վայրերից է:
«Վերջերս ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվեցին եկեղեցու պահպանությանը և որմնանկարների վերականգնմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ, որոնք զգալի դեր կարող են խաղալ ինչպես մշակութային արժեքների պահպանման, այնպես էլ համայնքում զբոսաշրջության զարգացման առումով»,-պատմում է Շ. Մարգարյանը:

Tilda Publishing
Մեծ Թաղի Սբ. Հովհաննես եկեղեցին, որը հայտնի է նաև Անապաստանաց վանք անունով, ըստ նրա, 13-րդ դարի կառույց է և հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Սիսական նահանգի պատմություն» աշխատության մեջ:
«2016թ.-ից Ֆրանսիայում գործող «Երկիր և մշակույթ» հայկական, բարեգործական կազմակերպությունը ստանձնեց Մեղրիի Սբ. Հովհաննես վանքի վերականգնման գործը: Իրականացվեցին եկեղեցու և նրան հարող տարածքի հնագիտական պեղումներ, քանդված հատվածների վերականգնման և հիմքերի ամրակայման աշխատանքներ: Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կիսված և ամբողջական խաչքարեր, կավե և մետաղե մոմակալներ, կանթեղների, թասերի հատվածներ, ուշ միջնադարյան փաստաթղթերի, ձեռագիր և տպագիր մատյանների էջերի և կազմի պատառիկներ: Բայց գտածո նյութերը կարիք ունեն թանգարանային ցուցադրության, իսկ Մեղրիում չկա քաղաքի պատմական, մշակութային դիմագիծը ներկայացնող թանգարան»,-ասում է նա:
Նա այս համատեքստում նշում է, որ Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման պլանում ներառաված է նաև Մեղրիում երկրագիտական թանգարանի կառուցման ծրագիրը: «Գտածո հնագիտական նյութերի ցուցադրության կազմակերպումը այցելուներին հնարավորություն կտա համալիր պատկերացում կազմել Մեղրիի պատմական անցյալի և մշակույթի մասին»,- ասում է նա:
Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, «Երկիր և մշակույթ» կազմակերպության հայատանյան մասնաճյուղի տնօրեն Ստեփան Նալբանդյանն էլ է նշում, որ Մեղրիի պատմամշակութային ժառանգությունը շատ արժեքավոր է՝ և իր բնույթով, և՛ կառուցվածքով, և՛ ճարտարապետությամբ: Ճարտապետը նկատում է, որ ամբողջ հայոց աշխարհում միայն Մեղրիում է, որ բազիլիկները հետագայում վերածվել են գմբեթավոր եկեղեցիների:
Մեղրիի համայնքապետարանի զարգացման ծրագրերի և արտաքին կապերի գծով մասնագետը ներկայացնում է նաև Մեծ թաղի Ս. Աստվածածին եկեղեցու առանձնահատկությունը. 17-րդ դարի գմբեթավոր եկեղեցիներից ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում նաև Մեղրիի Մեծ թաղի Ս. Աստվածածին եկեղեցին, քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, կառուցված է բազալտով, թմբուկն ու գմբեթը` աղյուսով: «Եկեղեցին իր այցելուներին գրավում է նաև ներսը զարդարող ավետարանական 19-րդ դարի որմնանկարներով»,- մատնանշում է նա:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website