Արաքսի աղտոտվածության հետքերով
1072 կմ երկարություն ունեցող Արաքսը Հայկական լեռնաշխարհի խոշորագույն գետերից է և հանդիսանում է անդրսահմանային ջրային ռեսուրս հինգ երկրների՝ Հայաստանի, Արցախի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի համար:
Արաքս գետի աղտոտվածության խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում է թե՛ հայկական կողմը, թե՛ իրանական: Տարիներ առաջ, Արաքսի ջրերով ոռոգվող մի շարք հայկական գյուղերի այգիներ զանգվածաբար չորանում էին: Մարդիկ պատճառն համարում էին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը: «Կոմբինատի թափոնաջրերը լցվում են Արաքս գետը, իսկ այդ գետի ջրով մենք ոռոգում ենք մեր այգիները, ծառերի տակ լրիվ կոնցենտրատ է, այգիները ոռոգելու այլ աղբյուր չունենք»,-ահազանգում էին Մեղրու տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Դժգոհությունը մեծ էր հատկապես Ալվանք, Շվանիձոր եւ Նռնաձոր գյուղերում: Գյուղացիները պնդում էին, որ պտղատու ծառերը և՛ չորանում են, և՛ նվազ բերքատու են դառնում: Նռնաձորի, Շվանիձորի եւ Ալվանքի վարչական ղեկավարները վստահեցնում են, որ այսօր այգիներում ծառերի համատարած չորացում այլեւս չկա, քանի որ վերջին մի քանի տարին իրենք Արաքսի ջրերից չեն օգտվում: Այգիները սկսել են ոռոգել Մեղրիգետի ջրերով՝ ինքնահոս եղանակով:
Գյուղերը դադարել են Արաքսի ջրերով ոռոգումը
Իրանը Հայաստանին կոչ է անում ավելի պատասխանատու լինել
Այժմ արդեն դժգոհություններ կան Արաքսի հակառակ կողմից: Իրանից վերջերս կոչ են արել հայկական կողմին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Արաքսի աղտոտվածությունը կանխելու համար: /TehranTimes օրաթերթի հոդվածը՝ Հայաստանը պետք է ավելի պատասխանատու լինի Արաքս գետի աղտոտման համար վերնագրով/: Իրանը պնդում է, որ «Հայաստանի հարավում գործող արդյունաբերական գործարանների արտահոսքերն անդրսահմանային Արաքս գետ լցնելու հետևանքով առաջացել է մեծ վտանգ Իրանի հյուսիս-արևմտյան բնակավայրերի համար»:

«Ինչպես ցույց են տվել մշտադիտարկման արդյունքները, Արաքս գետում հայտնաբերված ալյումինի, պղնձի, երկաթի, մոլիբդենի և մկնդեղի պարունակությունները 10 անգամ բարձր են եղել թույլատրելի նորմայից: Գետն աղտոտող մետաղները լցվում են Հայաստանի տարածքից: Ու քանի որ ծանր մետաղները կուտակվում են հողում, հետևաբար դրանք հայտնվում են բույսերում, ապա՝ մարդու օրգանիզմում: Արաքսում ծանր մետաղների պարունակությունը հասել է մարդու առողջության համար վտանգավոր սահմանների»,- նշում է հոդվածագիրը՝ հղում անելով իրանցի փորձագետներին ու պաշտոնյաներին:





Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ջրային ընկերության տնօրեն Յուսեֆ Ղաֆարզադեն հայտարարել էր, որ աղտոտող նյութերի ազդեցությունը, խտությունը հստակ գնահատված է: «Հայաստանը պարտավորություն է ստանձնել նորոգել իր տարածքի օբյեկտները՝ աղտոտումն ամբողջովին բացառելու համար»,-ասել է Յաֆազադեն, հավելելով, որ խնդիրը քննարկվել է 2019թ. նոյեմբերի 19-21-ին, Թավրիզում հայ-իրանական աշխատանքային խմբի նիստի ժամանակ: Meghrinews.com-ը պաշտոնական հարցմամբ դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզաբանումներ ստանալու համար: Նախարարությունից տեղեկացրեցին, որ 2006 թ.-ից Արաքս գետի ջրի որակի մոնիթորինգն իրականացվում է հայ-իրանական սահմանային հատվածում՝ հարևան երկրի հետ համատեղ։

«2019 թ. 4-րդ եռամսյակում վերցվել են փորձանմուշներ Արաքս գետի ջրի՝ 10 և հատակային նստվածքների՝ 5 դիտակետից: Գետի ջրի փորձանմուշներում որոշված ցուցանիշներից, ձկնատնտեսական ՍԹԿ-ներով (սահմանային թույլատրելի կոնցետրացիա) գնահատման համաձայն, դիտվում է վանադիումով, որոշ փորձանմուշներում՝ պղնձով, քրոմով, մանգանով, երկաթով և ալյումինով բարձր աղտոտվածություն: Որոշված մյուս ցուցանիշներից գերազանցել են լուծված թթվածնի, ԹՔՊ-ի, ամոնիում, նիտրիտ և սուլֆատ իոնների, ցինկի, կոբալտի, նիկելի, մանգանի, նատրիումի և սելենի համապատասխան ՍԹԿ-ները»,-կարդում ենք ՇՄ նախարարության պաշտոնական կայքում: Արաքս գետի աղտոտվածության գերազանցումների վերաբերյալ մանրամասներն այստեղ www.env.am/am/pages/217






Փորձանմուշներում կա բարձր աղտոտվածություն
Meghrinews.com կայքը պաշտոնական պարզաբանում ստացավ նաեւ Մեղրի համայնքում գործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերը ձեռք է բերել GeoProMining ընկերությունների խումբը 2007թ. դեկտեմբերին: GeoProMining-ը մասնագիտացած է բազմամետաղային հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, սուրմա) և թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման և հարստացման աշխատանքներում: Ընկերությունը հանքավայրեր և վերամշակման գործարաններ է շահագործում Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Վիետնամում:
Կոմբինատից հավաստիացնում են,
որ ընկերության կեղտաջրերում նորմայից շեղումներ չեն արձանագրվել
«Համաձայն մշտադիտարկումների մասին օրենքի, ընկերության կեղտաջրերի նմուշառում կատարվում է ամիսը մեկ անգամ, լիցենզավորված ընկերության կողմից: Նորմայից շեղումներ չեն արձանագրվել»,- փոխանցում են ընկերությունից:
Կոմբինատից նաև տեղեկացնում են, որ 2018 թ. օգոստոսի 10-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ընկերությանը տրամադրել է ջրօգտագործման համապատասխան թույլտվություն, որի համաձայն, ընկերությունն իրավունք ունի Դավազամի պոչամբարի պարզվածքի ջրահեռացում իրականացնել դեպի Արաքս գետ: Թույլտվությունը տրվել է երեք տարի ժամկետով: Կավարտվի 2021թ. օգոստոսի 10-ին:
Ջրօգտագործման թույլտվության «Անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմաններում» սահմանված են դեպի ջրային ռեսուրսներ կամ ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները:
«Ներկա պահին կոմբինատի կողմից կատարվում են Դավազամի պոչամբարի լայնածավալ վերակառուցման աշխատանքներ՝ շուրջ 8 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ (Իրան-Հայաստան գազատարի տեղափոխում, նոր պոմպակայան, ճանապարհային աշխատանքներ, պոչամբարի ծավալի ավելացում և այլն):
Աշխատանքների ավարտից հետո Դավազամի պոչամբարը կաշխատի փակ շրջանառու համակարգով՝ բացառելով պարզվածքի արտահոսքը դեպի Արաքս գետ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2021թ. 3-րդ եռամսյակում: Աշխատանքների կատարումը և ժամանակացույցը վերահսկում է ՀՀ և ԻԻՀ համատեղ աշխատանքային խումբը»,-ասվում է ընկերության պատասխան նամակում:
Պոչամբարի փակ շրջանառու համակարգի շահագործման վերաբերյալ պարտավորությունն ամրագրված է եղել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ընկերությանը 2018 թվականին տված ջրօգտագործման թույլտվության «Անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմաններ»-ում:
2021թ.-ի տարեվերջից կբացառվի պարզվածքի արտահոսքը դեպի Արաքս գետ
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website