Ստեփանը Մեղրու անտառների պահապանն ու հսկողն է արդեն 32 տարի։ Անգիր գիտի անտառամիջի ամեն անկյուն: Օրն սկսում է առավոտ ծեգին։ Աշխատավայրի փոխադրամիջոցով հասնում է իր պահաբաժինը։ Հետո արդեն ոտքով է կտրում անտառի ճամփան։ Շրջում է, հետեւում անտառի շարժին. ապօրինի ծառահատման, որսագողության դեպքեր, մարդկանց ու կենդանիների տեղաշարժ, ամեն ինչ պետք է արձանագրել:
Ասում է՝ իր աշխատելու տարիներին վայրի բնակիչներին դեմ առ դեմ չի հանդիպել։ «Զենք չունեմ, չեմ էլ սիրում: Անտառի կենդանիներից վախենալ պետք չէ, եթե իհարկե սոված գայլերի ոհմակի չես հանդիպել»,- ասում է երկարամյա անտառապահ Ստեփան Մարկոսյանը, որն այժմ «Արեւիք» ազգային պարկում տեսուչ է աշխատում:
«Արջեր շատ կան մեր կողմերում, բայց դրանք ուժեղ հոտառություն ունեն, մարդու հոտն առնելուն պես ճանապարհը փոխում են, ինքնապաշտպանական բնազդն է խոսում: Մեր կողմերում առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն եւ այլ կենդանիների կարելի է հանդիպել: Կար ժամանակ, որ վայրի խոզերի չէինք հանդիպում, հիվանդություն եղավ՝ վերացան, հիմա կրկին նկատում ենք, քարայծերն էլ նախատեսվածից շատ են»,-հիացմունքով ասում է Ստեփանը՝ հարուստ կենսաբազմազանություն ունեցող «Արևիք» ազգային պարկի մասին:
Փաստում է, որ վերջին 4-5- տարվա ընթացքում որսագողության ու ապօրինի ծառահատման դեպքեր ազգային պարկում չեն գրանցվել:
«90-ականներին՝ Արցախյան պատերազմի ցուրտ ու դժվարին տարիներին, անտառը գոյատեւման միջոց էր ժողովրդի համար: Այսօր արդեն, մարդկանց սոցիալական պայմանները փոխվել են, անտառին խնամքով են վերաբերվում: Մեղրի համայնքը գազիֆիկացված չէ, փայտը հիմնականում առնում են Կապանի ու Արցախի անտառներից՝ 1խ. մ 15-20 հազար դրամով (այնտեղի ծառերը որպես վառելափայտ ավելի լավն են): Բացի այդ, պետությունը 8 խ.մ անվճար թափուկ փայտանյութ է տրամադրում անտառի հարակից գյուղերի բնակիչներին»:
«Բնությունն իմ երկրորդ տունն է. առավոտը լուսանում է, անհամբեր սպասում եմ անտառ մեկնելուն: Օրական կարող է 7-15 կմ քայլեմ պահաբաժնում: Կիրակի օրը տանը նստելով ավելի եմ հոգնում, քան մաքուր օդում երկար քայլելով: Շատ հաճախ կիրակիներն էլ եմ բնության գրկում անցկացնում»:
«Ես վերջին մասնագետն եմ Մեղրիի, որ սովորելուց հետո որոշել է գալ ու աշխատել իր մասնագիտությամբ: Իմ գիտելիքներով ու փորձով միշտ աշխատել եմ օգտակար լինել համակարգին, անտառապահներին: Աշխատել եմ նույնիսկ 7-8 հազար դրամ աշխատավարձով, տարիների ընթացքում բարձրացավ՝ դարձավ 17-20 հազար դրամ, 80 հազար դրամ: Այժմ 135 հազար դրամ եմ ստանում: Երբեք որեւէ նկատողություն չեմ ստացել:
Ամենացածր աշխատավարձի դեպքում նույնիսկ անտառը կողմնակի եկամտի աղբյուր չեմ դիտարկել, պտղատու այգիս եմ մշակել եւ բերք ու բարիքով ընտանիքիս կարիքները հոգացել »,- ասում է երկարամյա անտառապահը եւ ցավով նշում, որ այսօր պայմաններն այնպիսին են, որ երիտասարդներն ուսումն ավարտելուց հետո նախընտրում են այլ մասնագիտությամբ աշխատել՝ ավելի գրավիչ աշխատավարձով:
«2010-ից Մեղրու անտառտնտեսության հիման վրա ստեղծվեց «Արևիք» ազգային պարկը, աշխատել եմ նաեւ «Արևիք» ազգային պարկի «Ագարակ-Բողաքար» տեղամասի պետ: 2013-ից, Զանգեզուր կենսոլորտային համալիրի ստեղծումից հետո, մինչ օրս աշխատում եմ «Արևիք» ազգային պարկում՝ որպես տեսուչ: Մեր գործը հիմնականում պահպանությունն է. ամեն մեկս մեր պահաբաժինն ունենք: Ամենափոքր պահաբաժինն իմն է՝ 1850 հա, կան նաեւ 2000-3000 հա մեծությամբ պահաբաժիններ: 1980-ականներին, երբ Մեղրու անտառտնտեսության տարածքն ընդամենը 16 հազար հա էր, 30-31 անտառապահ էր աշխատում։ Այն ժամանակվա ստանդարտներով, յուրաքանչյուր անտառապահի հսկողությանն էր տրամադրվում 400-700 հա տարածք: Այսօր ավելի քան 30 հազար հա ազգային պարկի տարածքն ընդամենը 21 տեսուչ է պահպանում: Գոնե ևս հինգ տեսուչ ունենայինք»:
Ստեփանն իր կյանքի 53 տարուց 32-ը նվիրել է բնության պահպանությանը, բնությունից բաժանվելու ու Մեղրին լքելու մասին երբեք չի մտածել: Ընտանիքում ոչ մեկն անտառտնտեսության հետ կապ չի ունեցել։ Սպորտով զբաղվող երիտասարդը հանկարծ որոշել է ընտրել լրիվ նոր ու անծանոթ ուղի, որը դարձել է միակը:
Աշխատել սկսել է 1988 թվականից՝ Մեղրու անտառտնտեսությունում։ Սկզբում բանվոր է եղել, հետո՝ անտառապահ: Երեւանի շինարարական տեխնիկումի անտառտնտեսության բաժինը կարմիր դիպլոմով է ավարտել։ Հեռակա սովորել է նաև Վորոնեժի անտառտնտեսության ինստիտուտում, զուգահեռ աշխատել Լիճքի անտառպետության անտառապետ։ 1996- 2010թթ. Մեղրու անտառտնտեսությունում գլխավոր անտառապետ է եղել:
Անտառապահը
2019թ.-ի ամռանը անտառամերձ ճանապարհից բռնկված խոշոր հրդեհը «Արևիք» ազգային պարկ էր հասել: Այն արագ էր տարածվում: Մոտ 5 օր շարունակվող հրդեհն ընդգրկեց 52 հա տարածք՝ 10 հա անտառածածկ, 42 հա՝ խոտածածկ: Կրակի բաժին դարձան բազմաթիվ գիհիներ ու կաղնիներ: Խոշոր հրդեհը մարվեց մեղրեցիների ու Մեղրի ժամանած մեծաքանակ օգնող ուժերի համատեղ ջանքերով:
«Սիրտս ցավում էր, երբ աչքիս առաջ անտառը ողջ-ողջ այրվում էր: Նույնիսկ մի պահ իմ անվտանգության մասին էի մոռացել, լարված փորձում էի ամեն գնով գոնե մի ծառի կյանք փրկել: Մինչեւ ուշ գիշեր բոլորս անտառամիջում հրդեհաշիջում էինք անում, անտառի կյանքի համար պայքարում: Ապրումներն աննկարագրելի են, երբ տեսնում ես դարավոր ծառեր են այրվում՝ 300-400 տարեկան եւ ավելի..»,- ազգային պարկի տեսուչը տխրում է։
Ասում է՝ ամեն խոշոր հրդեհից հետո, երկար տարիներ են պետք մինչեւ անտառը նորից սկսի ուշքի գալ: Սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում այն վերականգնել:
«Էկոկրթության միջոցով նոր սերունդները պետք է կարողանան գնահատել բնության արժեքը: Ուրախալի է, որ մեր նոր սերունդը գիտակցում է, որ բնությունն ավիրելու համար չէ, այլ՝ վայելելու: Բնության գրկում հանգստանալուց հետո, մաքրում են տարածքն աղբից, դատարկ շշերից:
Անտառապահը խնդրում և կոչ է անում՝ խնամքով ու հարգանքով վերաբերվել բնության ամեն մի կտորին:

«Չպետք է մոռանալ, որ բնությունը մեր երեխաներինն է, մեր հետնորդներինը: Այդ կապը երբեք չպետք է խզվի»,- ասում է Ստեփանը։
«Որտեղ փշատերեւ անտառ է այրվում, անտառի բնական վերարտադրություն տեղի չի ունենում։ Փշատերեւ ծառերը սաղարթով են սնվում, եթե փշերն այրվեցին, ծառը չի աճի, կաղնին, բոխին կաճեն, իսկ գիհին չի աճի: Գուցե պահպանված գիհիներից սերմերն ընկնեն ու տարիների ընթացքում ծլեն, ծառ դառնան։ Բայց դրա համար 50-100 տարի է պետք: Գիհին չորադիմացկուն է, ջրասեր չէ, աճում է քարքարոտ վայրերում, այնտեղ անտառվերականգնում հնարավոր չէ: Իմ փորձից կարող եմ ասել, որ այրված գիհին երբեք չի վերականգնվել»,-հավելում է Ստեփան Մարկոսյանը:
Պարբերաբար իրազեկող հանդիպումներ են ունենում բնակիչների
հետ, հրդեհավտանգ իրավիճակներ չստեղծելու, անտառից գրագետ օգտվելու կանոններին ծանոթացնում:
Կարեւորում է մարդկանց ու բնության փոխադարձ կապը, որի սկիզբը պետք է դրվի կրթօջախներում:
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website