ՀԱՐԱՎԻ ՀՐԴԵՀՆԵՐԸ

Անցած ամառ՝ օգոստոսի 11-ին, խոշոր հրդեհի հետևանքով «Արևիք» ազգային պարկում այրվեց 52 հա տարածք՝ 10 հա անտառածածկ, 42 հա՝ խոտածածկ:
«19 հեկտարի այրման ծանրության աստիճանը ցածր է, 25 հեկտարինը՝ միջին, իսկ 8 հեկտարն այրման ծանրության բարձր աստիճան ունի: Այրված տարածքների զննման և գնահատման աշխատանքների արդյունքում պարզվեց, որ ծառածածկ տարածքում հրդեհից այրված և ջարդված (վնասված) ծառերի թիվը կազմում է 556, այրված կանգուն ծառերի թիվը՝ 3844, ջերմահարված ծառերի, թփերի թիվը՝ 3690»,- Meghrinews.com-ին տեղեկացրեց Շրջակա միջավայրի նախարարությունը:

Կենդանական աշխարհը, բարեբախտաբար, հրդեհից չի տուժել: Ըստ նախարարության տվյալի, ողնաշարավոր կենդանիների խոշոր ներկայացուցիչները հրդեհի պատճառով տեղափոխվել են Արևիք ազգային պարկի անվտանգ տեղամասեր, իսկ սողունները և մանր կրծողները պատսպարվել են գետնափոր բներում և տարբեր թաքստոցներում: Այդ մասին վկայում են հրդեհված տարածքներում այդ կենդանիների հետ հանդիպման դեպքերը: Հրդեհից տուժել են անողնաշար կենդանիները, հիմնականում՝ ուղղաթևերը: Խոտաբույսերի արմատային համակարգը հիմնականում չի վնասվել:
2019-ԻՆ ՀՐԴԵՀԸ ԽԺՌԵՑ ԱՐԵՎԻՔ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 52 հա ՏԱՐԱԾՔ
ՋԵՐՄԱՀԱՐՎԱԾ ԾԱՌԵՐԻ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ԿՀԱՇՎԱՐԿՎԻ ԱՅՍ ԳԱՐՆԱՆԸ:

Օգոստոսի 11-ին բռնկված և օրեր տևած հրդեհը սկսվել էր Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառից և տարածվել մինչև ազգային պարկ: Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը մարդկային գործոնն է եղել: Ստացվում է՝ մի կողմից միջոցներ են հատկացվում պահպանելու եզակի էկոհամակարգը, մյուս կողմից՝ անտարբերությունը սպանում է այն:

«Հրդեհաշիջման աշխատանքներն արվում էին դժվարամատչելի տեղանքում»,-ասում է «Արևիք» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը,- արագ տարածվող հրդեհը հնարավոր եղավ մեկուսացնել գրագետ արձագանքման շնորհիվ, հակառակ դեպքում՝ կրակը կխժռեր ավելի մեծ տարածքներ:

Հրդեհաշիջմանը մասնակցել են մեծ թվով մեղրեցիներ, մարզի ու մայրաքաղաքից ժամանած վեց տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցներ, Մեղրու զորամասի զինվորներ, Մեղրու ոստիկանության աշխատակիցներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի աշխատակիցներ:
Գիհին աճում է շատ դանդաղ, տարվա ընթացքում հազիվ մի քանի սանտիմետր: Երկարակյաց է, առանձին տեսակներ ապրում են 300 տարուց ավելի: Մշտադալար փշատերև այս թուփը կամ ծառն ունենում է մինչև 16 մետր բարձրություն: Պահանջկոտ չէ, աճում է նույնիսկ այնպիսի չորուտներում և աղքատ հողերում, ուր այլ բուսատեսակներ կա՛մ բոլորովին չեն աճում, կա՛մ աճում են շատ դժվար:
ՍԱ ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆ ԷՐ
ԱՅՐՎԵԼ ԵՆ 300 ՏԱՐԵԿԱՆ ԳԻՀԻՆԵՐ
«Վերջին 5 տարվա ընթացքում սա ամենախոշոր հրդեհն էր: Հիմնականում այրվել են գիհիներ և կաղնիներ: Այդ թվում նաև՝ 300-400 տարեկան գիհիներ»,-ասում է ազգային պարկի տնօրենը:
Գիհի
Արևիք ազգային պարկի անտառներում ծխացող օջախները


Վերջին տասնամյակում Հայաստանում նկատվում է բուսածածկ տարածքների հրդեհների քանակի ու այրված տարածքների զգալի աճ:
2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում հրդեհների թիվն ավելացել է 55.2 տոկոսով: Այդ մասին 2019թ.ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մենք հարուստ չենք անտառներով և եթե դրանք կորցնենք, կնշանակի, շատ բան ենք կորցնում։ Մենք անգամ ձմռանը զգուշացնող հաղորդագրություններ էինք տարածում, սակայն մի պահ մեզ անգամ ծաղրում էին, թե ձմռանը ԱԻՆ-ը հրդեհներից պաշտպանվելու հաղորդագրություն է ուղարկել։ Հենց ձմեռվա ընթացքում շատ անտառային հրդեհներ ենք ունեցել»,-ասում է նախարարը:

ՀՐԴԵՀՆԵՐԻ ՔԱՆԱԿԱՆ ԱՃԵԼ Է
այրված տարածքների մոտավոր սահմանները՝ Արևիք ազգային պարկում
Հրդեհների աճ արձանագրվել է նաեւ Սյունիքի մարզում: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմա Սարգսյանն ասում է, որ միայն անցած տարի բուսածածկ և չոր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհ­ների դեպքերն աճել են 97-ով:
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՈՒՄ ՆԿԱՏԵԼԻ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ
2019թ.-ին, մարզում գրանցվել է 516 հր­դե­հի դեպք, որից 354-ը՝ բուսածածկ և չոր խոտածածկ տարածքներում, 16-ը՝ անտառային տարածքներում: Իսկ 2018 թ.-ին գրանցվել է 496 հր­դե­հի դեպք, այդ թվում՝ 2 անտառային և 271 հրդեհ՝ բուսածածկ և չոր խոտածածկ տարածքներում:
Այրված տարածք Սյունիքի մարզում
Բնապահպանների խոսքով, գիհու անտառի վերականգնումը հեշտ գործ չէ, դրա համար երկար տարիներ են պետք: Մինչ այդ, մասնագետները պետք է պարզեն դրանց ինքնավերականգնման հնարավորության հարցը: Երբեմն հրդեհներից հետո կերի պաշարի բացակայությունը ստիպում է կենդանիներին միգրացիայի ենթարկվել, բուսատեսակներով սնվողները կարող են նույնիսկ վերանալ:

«Լուրջ կլիմայական փոփոխություններ կան ամբողջ աշխարհում: Դրանք անդրադառնում են նաև Հայաստանի վրա: Մեղրու կլիման տաք է, հրդեհների վտանգը բավական մեծ է։ Դրանք կարող են տարածվել դեպի Իրան, կամ՝ հակառակը։ Տեղերում պետք է ստեղծվեն արագ արձագանքման խմբեր՝ հագեցած գոնե մինիմալ տեխնիկական միջոցներով, որպեսզի լոկալ կրակները տեղում հանգցվեն: Կլիմայական փոփոխությունների խնդրով պայմանավորված՝ պետությունը պետք է լուրջ գործողություններ ձեռնարկի և հետևողականություն ցուցաբերի»,- ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը:
Ոլորտի մասնագետներն առանձնացնում են մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ պետությունն անելիք ունի՝ հանրության շրջանում էկոլոգիական մշակույթի ցածր մակարդակը, անտառների կառավարման բարելավման անհրաժեշտությունը, անտառների, պահպանվող տարածքների թույլ հսկողությունը, տեղերում տեխնիկական և այլ անհրաժեշտ միջոցների բացակայությունը:
Պահպանվող տարածքները մեծ են, կտրտված լեռնային ռելիեֆով, իսկ աշխատակիցների թիվը՝ քիչ:
Օրինակ, մոտ 30 հազար հա ունեցող «Արևիք» ազգային պարկը հսկում է 21 տեսուչ, որից յուրաքանչյուրի պահաբաժինը մինչեւ 3 հազար հա է:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից Meghrinews.com-ին տեղեկացրեցին, որ «Արևիք» ազգային պարկի քարտեզագրման աշխատանքներն ավարտվել են, այժմ քննարկման փուլում են: Ազգային պարկի սահմանները և գոտիավորման սխեման կառավարության կողմից հաստատվելուց հետո, կհստակեցվեն գործառնական գոտիները (արգելոցային, ռեկրեացիոն և տնտեսական), ինչը հիմք կհանդիսանա հետագա անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:
Իսկ ներկա պահին աշխատանքներ են տարվում գիհիների բնական վերաճը ապահովելու ուղղությամբ:
Երկար տարիներ՝ անտառվերականգնման համար
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԴԵՀՆԵՐԸ
Օգտագործվել են նաև newsDay.am, tert.am, politic.am, shantnews.am կայքերի լուսանկարները
Սյունիքի մարզում բռնկված հրդեհներից մեկը
Հրդեհ խոտածածկ տարածքում
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website