Կարճևանի «պայթյունավտանգ» տները
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հանքավայրի պայթեցումների պատճառով հարեւանությամբ ապրող Կարճեւանի բնակիչների շրջանում կրկին դժգոհություններ են առաջացել:

Բնակիչները վստահեցնում են, որ վերջին տարիներին պայթեցումներն ավելի ինտենսիվ են դարձել, նախկինից հզոր, որի հետեւանքով շարունակում են խարխլվել տան պատերը, իսկ տներում ապրելը գնալով վտանգավոր է դառնում:
Խնդրի մասին իրենց բողոքի ձայնը կարճևանցիները բարձրացրել էին դեռևս 2019թ.-ին՝ բողոքի ակցիա անցկացնելով գյուղամիջում:


Մեղրի համայնքի Կարճեւանի վարչական ղեկավար Սուրեն Ղազարյանի խոսքով, անցած տարի բնակիչների բողոքներից հետո, պայթեցումների հզորությունը թուլացել է:
Մինչդեռ մեզ հետ զրուցած մյուս բնակիչները եւս նշում են, որ Ագարակի կոմբինատի ղեկավարությունն անտեսում է իրենց բողոքները, շարունակում է աշխատել նույն տեմպերով:

Կարինե Չիրքինյանը 11 տարի Կարճեւանում է ապրել վարձով, 2020թ. փետրվարին Կարճեւանից տեղափոխվել է Ագարակ: Մի քանի անգամ ամրացրել էին տան պատերը, բայց վերջին ցնցումներից հետո այլեւս հնարավոր չէր ապրել վարձակալած տանը:
«Փետրվարին նորից սկել էին ուժեղ պայթեցնել: Պատերից քարեր էին թափվում, երեխան մի քանի անգամ հազիվ փախավ: Բալկոնի կեսը քանդվել էր, տունը փլվելու վրա էր: 1992թ.-ին, պատերազմի ժամանակ Շահումյանից փախա եկա էստեղ, որ փլատակի տակ մնա՞մ»,-ասում է Կարինեն:

Կարճեւան գյուղական բնակավայրը 2016թ.-ին ընդգրկվել է Մեղրու խոշորացած համայնքի կազմում: 106 տնտեսություն ունեցող Կարճեւանը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրից ուղիղ գծով գտնվում է 2-2,5 կմ հեռավորության վրա։ Գյուղից շատերն աշխատում են կոմբինատում:

Meghrinews.com-ը պաշտոնական հարցմումներ է ուղարկել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերություն
2019թ.-ին բողոքի ակցիա կազմակերպած կարճևանցիները Ագարակի կոմբինատի գործունեության հետևանքով հասցված վնասների վերաբերյալ տեղյակ էին պահել նաև սյունեցի պատգամավորներին:
«2019թ.-ի գարնանը գյուղի բնակիչների 90 տոկոսի ստրագրությամբ դիմել ենք Սյունիքի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին, որոնք սրտացավ մոտեցում ցուցաբերեցին: Դիմումն ուղարկեցին ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ ՀՀ քննչական կոմիտե՝ ընթացքն ապահովելու համար: Հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում»,-տեղեկացրեց փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մարիամ Աբրահամյանը:


Բնակիչները հույս ունեն, որ քրեական գործի շրջանակում հնարավոր կլինի իրականացնել լրիվ օբյեկտիվ և արդար քննություն
Մեղրեցի Պայծառը 13 տարի առաջ է ամուսնացել ու գնացել Կարճեւան: Երկհարկանի առանձնատանն ապրում է երկու երեխաների, ամուսնու ու նրա ծնողների հետ: Ասում է, երբ նոր էր Կարճեւան տեղափոխվել՝ պայթեցումները նման ինտենսիվությամբ ու ուժգնությամբ չէին զգացվում, օդը մաքուր էր գյուղում, ծառերի բերքատվությունը` բարձր:
Անգին Բաղդասարյանը տեղափոխվել էր Կարճեւան 2009թ.-ին: Սակայն 2019թ.-ի նոյեմբերից ընտանիքով ստիպված է եղել տեղափոխվել Ագարակ: Ասում է՝ իրենց տանն ապրելը վտանգավոր էր դարձել:

Դեռ անցած տարի ստորագրահավաք արեցինք, Ագարակի կոմբինատի ղեկավարությունը տեղեկացավ մեր դժգոհությունների մասին, բայց ոչինչ չարեց: Մի պահ թուլացրեցին պայթեցումները, նորից նույն տեմպերով շարունակեցին: Բացի այդ, առավոտ զարթնում ես, հանքի սպիտակ փոշին փռված է շուրջդ, ես դեմ չեմ կոմբինատի գործունեությանը, միայն թե դա չարվի մեր առողջության և անվտանգության հաշվին»,-ասում է Անգինը։
«Տանս պատերին 4 մատ հաստությամբ ճաքեր էին առաջացել, մի օր լուսադեմին նկատեցինք, որ երեխաների սենյակ 1,5 մետրանոց օձ էր մտել էդ ճեղքով: Ամեն անգամ պայթեցումներից էնպես էր ցնցվում տունը, մտածում էինք երկրաշարժ է, պատերի ճաքերը գնալով ավելի էին մեծանում։ Երեխեքի հետ չէինք կարող մնալ նման պայմաններում:
Փաստաբանի հաղորդած տեղեկությունների համաձայն, անցկացվել է փորձաքննություն, որոշվել է բնակիչների կրած վնասի չափը: Վնասի հատուցման պահանջով երկու կենսաթոշակառու ընտանիք դիմել են դատարան։
Դատարանը հարցադիմումը վերադարձրել է՝ պետական տուրքը չվճարելու պատճառով։ Փաստաբանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան, քանի որ հիմքեր է ներկայացրել՝ կենսաթոշակի վկայական, գործազրկության տեղեկանք, նվազագույն աշխատավարձի չափի մասին տեղեկանք։ Այս պահին սպասում են վերաքննիչ դատարանի որոշմանը՝ արդյո՞ք կվերացնի առաջին ատյանի դատարանի՝ բնակիչների հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը:

Կարճևանի լուսանկարները դիտել այստեղ։
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website